Ջրհորներում կանանց և երեխաների դիեր տեսանք, քաղաքը ավերված էր. «Գազետա.ռու»-ն՝ Շուշիում հայերի սպանդի մասին


fbb48860-6d08-11ea-8797-1d840f663736photo_278226.jpg

Ռուսական  «Գազետա.ռու» կայքը ծավալուն հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ Շուշիում, հայ բնակչության դաժան սպանդի հարյուրերորդ տարելիցի կապակցությամբ:

Աղբյուրը նկատում է, որ Շուշիից ռուսական զորքերի հեռանալուց հետո Իրանից ժամանել են բրիտանական բանակի զորախմբերը: Այնուհետև բրիտանացիները Ղարաբաղի գլխավոր  նահանգապետ են նշանակել մոլի հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին: Տեղի Ազգային հայկական խորհուրդը չի ճանաչել վերջինիս իշխանությունը. Հայաստանը, իր հերթին, գլխավոր նահանգապետ է նշանակել Արսեն Շահմազյանին, ինչի հետևանքով Շուշիում երկիշխանություն է հաստատվել: Կողմերը վերահսկում էին միայն իրենց թաղամասերը՝ հայ և ադրբեջանցի բնակչությամբ:

Սուլթանովը հայերից պահանջել է ճանաչել Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունը, ինչից հետո 1920թ. մարտի 23-ին կազմակերպել է հայ բնակչության ջարդերը:

«Ադրբեջանցի զինվորականները տեղի բնակիչների օգնությամբ հայկական թաղամասերում սպանդ են իրագործել, ինչը հանգեցրել է հանկարծակիի եկած ամբողջ հայ բնակչության զանգվածային մահին և վտարմանը: Շուշիի հայկական հատվածում ուժեղ հրդեհ է սկսվել: Մի քանի հազար բնակիչ կարողացել է քաղաքից փախուստի դիմել Վարանդայի ուղղությամբ»,-գրում է աղբյուրը՝ մանրամասնելով, որ ադրբեջանցիները թուրք սպաների հետ անցնում էին հայերի տներով, թալանում էին դրանք ու հրդեհում՝ սպանելով մնացած վերջին բնակիչներին:

«Սարսափով եմ վերհիշում այն պատկերը, որը տեսանք 1920թ. մայիսին Շուշիում: Գեղեցկագույն հայկական քաղաքն ավերված էր, ջարդուփշուր էր արված մինչև հիմքը, իսկ ջրհորներում կանանց և երեխաների դիեր տեսանք»,-մեջբերում է աղբյուրը հեղափոխական Սերգո Օրջոնիկիձեի վկայությունից մի հատված:

tert.am

Հոդվածում նշվում է, որ Շուշիից բացի ավերվել է դրան հարակից 30 գյուղ, փախստական է դարձել 25 000 մարդ: