ՀՀԿ-ն «կործանիչ» հանրաքվեին որևէ ձևով չի մասնակցելու

70d62d60-4ef5-11ea-a631-176925c5dcbc149356.jpg

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

ՀՀԿ Գործադիր մարմնի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու եւ ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև  պետականությունը քանդելու հերթական քայլն է:

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարեւոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

Մենք,  արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին,  հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին  որևէ ձեւով չմասնակցելու վերաբերյալ:

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում: