Օդանավում մեկ տոննա թմրանյութ է հայտնաբերվել


6ec3e460-435e-11ea-8179-d78798351402EPamgdzWsAE_6xZ-1580374990626.jpeg

Մեքսիկայի զինված ուժերն ու ռազմաօդային ուժերը ձերբակալել են Արգենտինայից ժամանած օդանավը, որում մեկ տոննա թմրանյութ է հայտնաբերվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ազգային պաշտպանության նախարարությանը:

Կասկածելի օդանավը, որը մեկնում էր Կոնսումել կղզի, նկատվել է Մեքսիկայի օդային տարածքում շաբաթվա սկզբին: Դրան հետեւել են մեքսիկական ՌՕՈւ-երը:

Հաղորդվում է, որ օդաչուները նկատել են հետապնդումը եւ ստիպված են եղել վայրէջք կատարել օդանավակայաններից մեկում: Զինծառայողները ստուգել են օդանավը եւ 32 փաթեթ թմրանյութ հայտնաբերել: Փաթեթների քաշը հասել է գրեթե մեկ տոննայի: Սեւ շուկայում նման քանակությամբ թմրանյութի գինը կարող է հասնել մինչեւ 225 մլն մեքսիկական պեսոյի (մոտ 12 մլն ԱՄՆ դոլար):

Օպերացիայի արդյունքում ձերբակալվել է Բոլիվիայի 2 քաղաքացի:

Todo Noticias հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավը թռիչքը սկսել է արգենտինական Սալտա քաղաքից: Նշվում է, որ այնտեղ օդանավում ստուգումներ են անցկացվել, եւ թմրանյութ չի հայտնաբերվել: Ենթադրաբար, օդաչուները օդանավը կանգնեցրել են Պերուում կամ Բոլիվիայում, որտեղից էլ վերցրել են թմրանյութը: