Խուսափել ողբերգությունից. Վահե Հովհաննիսյան

a5d5e130-d1c6-11ec-92e1-bbbebd7c0d27default.jpg

Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը. Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում  իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները  այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն» անոմալ երևույթի հետ։ Նրանց հատուկենտ հրապարակային ելույթներում նկատվում է անորոշությունից ծնված անմիտ ագրեսիա, ինչն էլ ավելի է լարում մթնոլորտը։ 

Իրավապահներով չարության աճի դեմը  հնարավոր չի լինելու առնել։ Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը։ Թեկուզ` միայն այս հարցի շուրջ։

Ներհասարակական, ներհանրային լարվածության աղբյուրը պատմական աղետի մասշտաբներն են,  հազարավոր  զոհերի փաստը, ահռելի անորոշությունները  և անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Եթե այլ պատճառներ հորինենք, ապա կոպիտ սխալվելու ենք։ Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի 4 տարվա գործունեության արդյունքն է։ Բոլորին վիրավորելու, վարկաբեկելու, ահաբեկելու 4 տարին անհետևանք չեն անցել։ Նրա ամեն զարհուրելի ձևակերպմանը, նախադասությանը և քայլին իր թիմը, ծափահարելու փոխարեն, ժամանակին պետք է թիմային ուժ գտներ ու սաստեր։ Այսօր արդեն առանց հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում։

Շեշտում եմ. իրավապահներով և քրեական գործերով ներքին լարվածությունը և մեծացող չարությունը հնարավոր չի լինելու զսպել։ Քաղաքական լուծումներ են պետք։ Չարության և ագրեսիայի կասեցման համար անհրաժեշտ են այլ լուծումներ։ Մեր խնդիրը պետության հանդարտեցումն է, նոր, սոլիդ, աշխատունակ իշխանությունը, և ոչ երբեք՝ ներքին թշնամանքը։ Ցանկացած թիմ, ցանկացած շրջանակ, անհատ, որը ներքին չարության վտանգը հասկանում  է, պետք է ուժ գտնի` համագործակցության, և ունենա հստակ գիտակցություն, որ նման պրոցես թույլ տալ չի կարելի։

Հայաստանը չպետք է մտնի ներքին արյան և ներքին թույնի դժոխքը»: