Դավիթ Տոնոյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին

4f89a890-7229-11ec-b029-7b6ade9e1749ba4b02df6c3456efd4dee3386f7ce644_M.jpg

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի հունվարի 7-ին ըստ էության քննելու համար հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,-նշեց Աբրահամյանը: