Եթե մենք լինենք իշխանություն, ունենանք իշխանական լծակներ, մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին․ Վանեցյանը վերահաստատեց

«Ես չեմ ասել, որ մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները, ես ասել եմ, որ այս պահին հավաքագրվում են բոլոր խախտումները, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում և քննարկվում է հարց այլ քաղաքական ուժերի հետ Սահմանադրական դատարան դիմելու: Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց հետո նոր կորոշենք ընդունում ենք արդյոք ընտրությունների արդյունքները, թե ոչ: Կամ չընդունելով գնում ենք խորհրդարան, թե որոշում ենք կայացնում չգնալ խորհրդարան: Մենք կխոսենք, ընտրությունների արդյունքի մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո»,-այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին նա ասաց, որ իրենց իշխանության գալու պարագայում դա լինելու էր նրանց օրակարգի առաջնային հարցը:

«Եթե մենք լինենք իշխանություն, ունենանք իշխանական լծակներ, հնարավորություն հանդես գալ պետության կողմից, ճիշտ աշխատանքի դեպքում այո, մենք ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Եվ դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ և վերադարձրեց մինապատ տարածքների քարտեզների փոխանակման պայմաններով: Հիմա հարց է առաջանում՝ եթե մինապատ տարածքների քարտեզները ադրբեջանցիներին տալով Ադրբեջանը գերիներն վերադարձրեց, ինչո՞ւ այդ քայլը չեն արել 6 ամիս առաջ»,-ասաց Վանեցյանը:

Ըստ նրա՝ Մուրադովը այդ քարտեզների շատ ավելի վաղ էր ուզել հայկական իշխանություններից, Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու նպատակով, սակայն հայկական կողմը նրան ասել է, որ նման քարտեզներ գոյություն չունեն:

«Իրենց այս քայլով չեն փորձել լուծել գերիների վերադարձի ամբողջական հարցը, այլ նրանք փորձել են լուծել պահի տակ ռեյտինգ ստանալու, ռեյտինգ ավելացնելու հարց: Եթե մենք ի վերջո, որոշում կայացնենք գնալ խորհրդարան, միանշանակ խորհրդարանում օգտագործելու ենք մեր հնարավորությունները և զբաղվելու ենք, թե գերիների հարցով, թե անվտանգային համակարգի վերականգնման հարցով»,-«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդը: