1 կմ երկարությամբ ավելուկ, ավելուկից պատրաստված ամենահամեղ ուտեստներ․ կայացել է Ավելուկի փառատոնը

de5f14b0-d3fa-11eb-9b72-c5d7ef8ccb62thumbnail (9).jpg

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում օրերս կայացավ ավանդական դարձած Ավելուկի փառատոնը։ Ավելուկով պատրաստված բազմազան ուտեստներ, ավելուկ հյուսող կանայք ու երեխաներ,  հայկական խոհանոցի բարիքներով տաղավարներ:

Այս տարի փառատոնը կազմակերպվել էր միասնության և համախմբման կոչով՝ ավելուկը հյուսելու արարողությունը ներկայացնելով որպես մեր երկրի, հայ ազգի ռեսուրսների, համախմբման ու միահյուսման խորհուրդ։

 

Փառատոնի հիմնադիր-կազմակերպիչներն են «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը և «Համայնքի զարկերակ» հասարակական կազմակերպությունը։

Փառատոնի հիմնադիր Արտուշ Խաչատրյանը նշում է, թե ինչու են որոշել  հենց ավելուկի փառատոն իրականացնել.

«2017-ին հիմնելով սոցիալական ձեռնարկությունը՝ մեր տարածաշրջանի համար տարբեր վայրի բույսեր վաճառելը դարձել է եկամտի աղբյուր: Ամենամեծ պահանջարկ ունեցողն ավելուկն է՝ իր հյուսելու ավանդույթով: Բացի այդ, առաջին փառատոնին նպատակ էինք դրել, որ ամենաերկար հյուսած ավելուկը կգրանցվի Դյուցազնագրքում, բոլոր մասնակիցներով գործած 1 կմ երկարությամբ ավելուկը գրանցվեց գրքում»:

 

Ի տարբերություն 2019 թվականի, այս տարի բացակայում էր համերգային ծրագիրն ու երաժշտությունը. «Չենք կարող ուրախ տոն նշել, երբ մեր գյուղից զոհված տղաներ կան, գերիներ ունենք, լուռ հարգում ենք, պարզապես սիմվոլիկ արեցինք մարդկանց արտադրանքը վաճառելու նպատակով: Այժմ իրավիճակն ուրիշ է, այս տարի նույնիսկ դժվարությամբ ենք ավելուկ հայթայթել տարբեր տեղերից, որովհետև անձրևներ չկան, որակապես ու քանակապես քիչ է: Թող խաղաղություն լինի, մյուս տարի մեծամասշտաբ կկազմակերպենք», - հայտնեց Արտուշ Խաչատրյանը:

Փառատոնի շրջանակում իրականացվում էր ցուցահանդես-վաճառք․ ՀՀ տարբեր մարզերի շուրջ 17 մեծ ու փոքր ձեռնարկություններ ներկայացնում էին իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Վարդենիկ գյուղի երեխաները ցուցադրում էին իրենց ձեռագործ աշխատանքները, նաև տաղավարներից մեկում արցախցիները պատրաստում էին ժենգյալով հաց, որի միջուկի բաղադրիչներից մեկը ավելուկն էր։

 

Ներկաները ոչ միայն հետևում էին, այլև անձամբ մասնակցում ավելուկի հյուսման ընթացքին, համտեսում տարաբնույթ ուտեստներ, որոնց հիմնական մասը պատրաստված էր ավելուկով: Առհասարակ, հայկական խոհանոցում ավելուկով պատրաստում են յուրահատուկ ուտեստներ, որոնք ավանդական խոհանոցի անբաժան մասն են կազմում։ 

 

Առաջին անգամ  փառատոնն անցկացվել է 2019 թվականին՝ օրգանիկ գյուղատնտեսության, գյուղական և մշակութային տուրիզմի ներուժը զարգացնելու, ինչպես նաև սոցիալական ձեռնարկություններն ու իրենց արտադրանքը հանրությանը ներկայացնելու նպատակով։ Փառատոնի շրջանակում հյուսվել է ավելուկի աշխարհի ամենաերկար հյուսքը, որը  գրանցվել է «Դյուցազնագիրք» ռեկորդների գրքում: Հաջորդ տարի փառատոնը կկայանա հունիսի 18-ին: