«Փաշինյանը պայթել է 10 տոկոսով». «Կոմերսանտ»-ի անդրադարձը Հայաստանում ստեղծված իրավիճակին

2a373490-7806-11eb-960a-9799dea0451a155122693_897094751083082_8838223302368232014_n.jpg

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո Հայաստանում սկսված քաղաքական ճգնաժամը հինգշաբթի օրը հասել է իր գագաթնակետին: Նիկոլ Փաշինյանի կողմից Գլխավոր շտաբի պետի տեղակալին քննադատության համար աշխատանքից հեռացնելուց հետո տասնյակ բարձրաստիճան զինվորականներ Գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ պահանջել են նրա հրաժարականը: Այնուհետև վարչապետը պաշտոնանկ է արել (Փաշինյանն առաջարկել է պաշտոնանկ անել ԳՇ պետին, ՀՀ նախագահը 3 օրվա ընթացքում որոշում կայացնի այս հարցով-Tert.am) Գլխավոր շտաբի պետին՝ նշելով, որ երկրում փորձ է արվել ռազմական հեղաշրջում իրականացնել, և որ միայն հայ ժողովուրդը կարող է որոշում կայացնել իր պաշտոնանկության մասին: Երևանի կենտրոնում երկու հանրահավաք է իրականացվել` վարչապետի ընդդիմախոսների ու կողմնակիցների կողմից. ընդդիմությունն իր հանրահավաքն անժամկետ է հայտարարել: Ռուսաստանը միջամտել է ճգնաժամի կարգավորմանը. նախագահ Վլադիմիր Պուտինը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցներ են ունեցել Երևանում իրենց գործընկերների հետ:


Հրթիռները հարվածել են Փաշինյանին

 
 
Հայաստանում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների շարքերը բացի ընդդիմադիր քաղաքական գործիչներից և Հայ առաքելական եկեղեցուց (որոնք պայքար են մղում դեռևս անցյալ տարվանից) համալրել են բարձրաստիճան զինվորականները: Ամեն ինչ սկսվել է 1in.am կայքին տված հարցազրույցից, որում նա անսպասելիորեն հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» հրթիռները չեն կարողացել փոխել Լեռնային Ղարաբաղում անցյալ տարվա պատերազմի արդյունքը, քանի որ դրանք կամ ընդհանրապես չեն պայթել, կամ «պայթել են միայն 10%-ով»: Այս խոսքերը տարակուսանք են առաջացրել անգամ հարցազրույցը վերցնող լրագրողի մոտ, բայց Փաշինյանը պնդել է. նման դեպքեր կարող են պատահել «80-ականների զենքերի» հետ:


Անցյալ տարվա հակամարտության շրջանակում «Իսկանդեր»-ի օգտագործման մասին լուրերը վաղուց էին շրջանառվում, մինչդեռ ադրբեջանական զինուժը երբեք չի հաղորդել այդ մասին: Միևնույն ժամանակ, կան ճշգրիտ ապացույցներ, որ օգտագործվել են հրթիռային այլ համակարգեր՝ «Սմերչ», «Տոչկա-Ու» և «Էլբրուս»:

«Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, որոնք հաստատվել են օբյեկտիվ հսկողության համակարգերով, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը («Իսկանդեր») չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,-հինգշաբթի երեկոյան հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիր Իգոր Կոնաշենկովը:

Երբ «Yerevan Today»-ի լրագրողները խնդրել են երկրի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին մեկնաբանել Փաշինյանի խոսքերը, սկզբում նա երկար ծիծաղել է, իսկ հետո ասել, որ դա անհնար է, ինչի համար նա նույն օրը կորցրել է իր պաշտոնը:

Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը պայթուցիկ ռումբի ազդեցություն ունեցավ, նկատում է աղբյուրը:

Հինգշաբթի առավոտյան Հայաստանի գրեթե բոլոր բարձրաստիճան զինվորականները՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ ստորագրել են Նիկոլ Փաշինյանի և կառավարության պաշտոնանկության պահանջը:

Փաշինյանն անմիջապես հայտարարել է, որ աշխատանքից ազատում է նաև Գլխավոր շտաբի պետին, բայց նախագահ Արմեն Սարգսյանը չի շտապում ստորագրել այս հրամանը: Հայտարարելով ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր աջակիցներին դուրս գալ Հանրապետության հրապարակ, որտեղ գտնվում է կառավարության շենքը:


Ի պատասխան՝ «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր շարժումը՝ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, իշխանությունների հակառակորդներին կոչ են արել հավաքվել մոտակայքում՝ Ազատության հրապարակում: «Այս ճակատագրական պահին ես ձեզ կոչ եմ անում լինել ձեր պետության տերը, կանգնել մեր բանակի կողքին: Պատերազմում պարտվող և հողերը հանձնած իշխանությունները պետք է հեռանան: Սա մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտությունն է», – գրել է Քոչարյանը Facebook-ում:

Ցանկանալով փոխզիջման հասնել հակառակորդների հետ՝ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, որը իշխանությունները որոշել էին չանցկացնել ընդամենը 2 շաբաթ առաջ: Այնուհետև «Իմ քայլը» իշխող դաշինքը հայտարարել էր, որ առաջարկը «դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև բնակչության կողմից»: Արդյո՞ք այժմ արժե սպասել դիրքորոշման փոփոխության, դժվար է ասել: Երբ Փաշինյանը հարցրել էր իր կողմնակիցներին, թե արդյոք նրանք ցանկանում են արտահերթ ընտրություններ, նրանք բացականչել են՝ ոչ: «Ձեր կոչով հեռացնում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման»,-գոհունակությամբ պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

Իշխանությունների հակառակորդները շատ լուրջ են տրամադրված:

«Փաշինյանի կառավարման արդյունքում մենք պատերազմ և պարտություն ստացանք Ղարաբաղում: Մեր եղբայրները զոհվել են ռազմի դաշտում: Կարծում եմ ՝ ռազմական ղեկավարությունը ճիշտ հայտարարություն է արել: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Փաշինյանին պաշտոնանկ անենք: Նրա իշխանության շարունակությունը կհանգեցնի պետության մահվան»,-«Կոմերսանտին» ասել է ցուցարար Իգոր Սարգսյանը:

«Նրա պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքը, թուրքերը Սյունիքի մատույցներում են: Մենք ոչ միայն կորցրել ենք Արցախը, այլև էական սպառնալիք ենք ստեղծել Հայաստանի անվտանգության համար», շարունակել է թվարկել վարչապետի սխալները «Կոմերսանտ»-ի մեկ այլ զրուցակից, որը ներկայացել է Գևորգ անունով:

Բայց իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունն, ըստ ամենայնի, տեղի կունենա անգամ առանց Գլխավոր շտաբի պետի հրաժարականի: Ճիշտ է, ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որը լրջորեն դիտարկվում է որպես հավանական մոդերատոր:

«Մենք պատվիրակություն ենք ուղարկում նախագահի մոտ քննարկելու երկրում առկա իրավիճակը և ելքեր գտնելու համար»,-ասել է «Դաշնակցություն» կուսակցության անդամ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Օրվա ավարտին ընդդիմությունը փակել է կենտրոնական Բաղրամյան պողոտան և հայտարարել է անժամկետ հանրահավաք սկսելու մասին: Ցուցարարները վրաններ են տեղադրել և վառելափայտ են հավաքել: Ընդդիմությունը կարծում է, որ նման մեթոդներով հնարավոր կլինի Փաշինյանին ստիպել հրաժարական տալ: