Ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան․ Սյունիքում հակառակորդը հարվածել է ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների

5de53ba0-1034-11eb-9700-779a04c3dcb292f96559e20978970d546d403d34b271.jpg

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը եւ դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:

Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաեւ հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաեւ տարածեց սադրիչ եւ բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջեւանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելավոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը եւ դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»։