Ադրբեջանը 6 օրում ոչ մի արդյունքի չի հասել. 2-3 օր անց իրավիճակը կթեթևանա սահմանին. Խոդարյենոկ. «Ժողովուրդ»

5d6ccc40-053c-11eb-b7cb-3fb18c332f87unnamed (5).jpg

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական բանակը 6 օրում չի կատարել իր առաջադրանքներից որեւէ մեկը. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել ռուս ռազմական փորձագետ Միխայիլ Խոդարյենոկը: «Պետք է ուղիղ ասել, որ Ադրբեջանը ծրագրավորել, կազմակերպել եւ սկսել է իրականացնել հարձակողական ծրագիր: Եկեք նայենք՝ վեց օրը շատ է, թե քիչ: Եթե հաշվի առնենք, որ երեք օրում Կարմիր բանակը վերցրել է Կենիգսբերգը, ապա վստահ կարող ենք ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն կատարել անգամ օրվա առաջադրանքները:

Ոչ մի ցուցադրելի արդյունք չկա, չեն կարողացել վերցնել ո՛չ Ֆիզուլին, ո՛չ Մարտակերտը, եւ, հետեւաբար, ոչ մի առաջադրանք չի կատարվել», – մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա: Ավելին, ռազմական փորձագետի խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական պաշարները եւս սպառվում են, եւ 2-3 օր անց իրավիճակը կթեթեւանա սահմանին:

«Պատերազմել եւ հասնել արդյունքի արագ է պետք: Եթե չես կարողացել արագ արդյունքի հասնել երկու օրում, ապա հետագայում էլ չես կարող», – նկատում է նա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանն ինտենսիվորեն սկսել է ռազմական գործողություններն Արցախի Հանրապետության, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ: Վերջին երկու օրերին ինտենսիվ են դարձել գործողությունները նաեւ Հայաստանի նկատմամբ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: