Իրավապաշտպանները հաստատում են՝ Սիրիայից Ադրբեջան վարձականներ են ուղարկվել

2a33f7d0-03a8-11eb-8c54-f3e434249261ahrar2.thumb.jpg

Անկարայի աջակցությամբ թուրքական մասնավոր ռազմական ընկերությունները Սիրիայում վարձկանների են ընտրում եւ տեղափոխում Ղարաբաղի հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի սիրիական կենտրոնը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Կենտրոնը գրանցել է Ադրբեջան տեղափոխված առնվազն 850 զինյալի։ Կենտրոնը սեպտեմբերի 29-ին հայտնել էր, որ նրանց թիվը կազմում էր 320, սակայն մեկ օրում հակամարտության գոտի է հասցվել եւս շուրջ 520 մարդ։ Ադրբեջան ուղարկվելիս նրանց հիմնական խնդիր է նշվում առանձին կետերի պահպանությունը, սակայն արդյունքում նրանց ներգրավել են մարտական գործողություններին։

Աղբյուրներին վկայակոչելով՝ Կենտրոնը հայտնում է, որ վարձկանների մեծամասնությունը թուրքոման համայնքի (սիրիացի թուրքմեններ, Սիրիային հյուսիսի թյուրք բնակչություն) ներկայացուցիչներ են։ Անկարային սատարող արաբական խմբավորումները հրաժարվել են զինյալներ տրամադրել։

Մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ Ղարաբաղում մարտերի ընթացքում արդեն զոհվել է երեք վարձկան, որոնք մարտնչել են Ադրբեջանի կողմում։

Սեպտեմբերի 30-ին BBC-ի արաբական խմբագրությունը նույնպես հոդված էր հրապարակել, որը հիմնված էր վարձկաններից մեկի հետ զրույցի վրա, որը, ինչպես պնդում է պարբերականը, հակամարտությանը մասնակցում է Ադրբեջանի կողմում։