«Հայֆիլմի» փակվելուց հետո ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում. ինչ է հնարավոր փրկել

51e604d0-fe71-11ea-8f31-cdc2f952fbbeFotoram.io (87).jpg

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հնարավորություն է ստացել հավաքագրելու, արխիվացնելու և ուսումնասիրելու նախկին «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում գտնվող ժապավենային, ձայնագրային և փաստագրական նյութերը։ Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից:

Նշվում է, որ կինոկենտրոնի կինոժառանգության բաժինը սկսել է այդ աշխատանքները «Հայֆիլմ» ստուդիայի մոնտաժային սենյակներում։ Կինոստուդիայի փակվելուց հետո, այստեղ (ինչպես և ստուդիայի այլ բաժիններում) մնացած ահռելի քանակությամբ նյութերը երկար տարիներ գտնվել են անմխիթար վիճակում: Դրանք հիմնականում 1980-90-ականներին արված ֆիլմերի նկարահանումների ամբողջական կամ մասնակի պահպանված նյութերն են, ձայնավորման համար օգտագործված տարատեսակ ձայնագրությունները, ինչպես նաև բուն «Հայֆիլմի» գործունեությանը վերաբերվող վարչական փաստաթղթերը։

Աշխատանքները կտևեն առնվազն մեկ ամիս, իսկ նյութերի հետազոտությունն ու մշակումը, թերևս, տարիներ։ Դրանք կհանձնվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի արխիվին, որն այժմ նույնպես գտնվում է վերահաշվառման, ստուգման և գույքագրման փուլում։