36-ամյա երիտասարդի կյանքն է խլել Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարը. վիրավորների անունները հայտնի են. Տեսանյութ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է սեպտեմբերի 13-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթար-վրաերթի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Պարզվել է՝ BMW-ն վարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 31-ամյա Խաչիկ Սողոմոնյանը, Mercedes Sprinter-ը վարել է Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Մհեր Գևորգյանը:

Վրաերթի հետևանքով մահացել է Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի բնակիչ, 36-ամյա Ռադիկ Թորոսյանը, իսկ նրա կինը՝ 33-ամյա Արփիկ Մարտիրոսյանը, BMW-ի վարորդ Խ. Սողոմոնյանը, նրա ուղևորներ, Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 18-ամյա Արման Դեմիրճյանը, 24-ամյա Անի Պողոսյանը, 16-ամյա Գարեգին Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Գևորգյանը՝ Վեդիի բժշկական կենտրոն: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար-վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել էին Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները: