Ֆուտբոլիստ Մալաքյան եղբայրներից մեկին կարող են կալանավորել. բողոքարկվել է

4e47d600-f74b-11ea-ad94-5568191cafb8Fotoram.io (16).jpg

Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու մասին դատարանի որոշումը:

ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Գոռ Մալաքյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեպտեմբերի 3-ին մերժել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Նույն արարքի կատարման մեջ մեղադրվում է նրա եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, որը սեպտեմբերի 3-ից կալանավորված է, նրա կալանավորման որոշումն էլ պաշտպանն է բողոքարկել Վերաքննիչ դատարան:

Քրեական գործը, որի շրջանակում եղբայրները մեղադրվում են, վերաբերում է օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Կասկադում նրանց ու ոստիկանների միջեւ տեղի ունեցած վիճաբանությանը: Պաշտոնական տվյալներով՝ երկու եղբայրները, խախտելով հասարակական կարգը, տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, մյուսը՝ բռունցքով հարվածել ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է, որ վնասվածքներ են ստացել նաեւ Մալաքյանները: Այդ դեպքով ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել: