3 երեխաների մայրը 6 ամիս է չի աշխատում, երեխաները չոր հացից բացի, ոչինչ չեն ուտում, չգիտի` ում դիմի

18f40220-f288-11ea-bb57-e5925603733a126610.jpg

Սեպտեմբերի 9-ին Analitik.am-ին է ահազանգել Երևան քաղաքի բնակչուհի 48-ամյա Արմինեն, ով բողոքում է համաճարակին հաջորդած զարգացումների արդյունքում աշխատանքից զրկվելուց:

Արմինեի խոսքերով, արդեն 6 ամիս է՝ չի աշխատում, իսկ 3 երեխաները, չոր հացից բացի, ոչինչ չեն ուտում. «Չգիտեմ ինչ անեմ և ում դիմեմ: Երեխաներս չոր հաց են ուտում, մեկ մեկ էլ հարևաններս խղճում են և իրենց ճաշերից են տալիս, որ սովից չմեռնենք: Ես օրավարձով աշխատող էի, իսկ հիմա տանը նստած եմ և ոչինչ չեմ անում, գումար չեմ վաստակում: Աշխատածս ժամանակ էլ չէի կարողանում նորմալ սնունդով ապահովել երեխաներիս, բայց գոնե փափուկ հաց էին ուտում»:

Զրուցակիցը նշել է, որ ամուսինը վաղուց է մահացել, տանը իրենից բացի որևէ մեկը աշխատել չի կարող. «Ես բնակվում եմ փոքր խրճիթում: Այդ փոքր դոմիկում ապրում ենք 6 հոգով՝ ես, 3 երեխաներս և ամուսնուս ծնողները: Նրա ծնողներն աշխատել չեն կարող, որովհետև բավական մեծ են, իսկ ես միայնակ չեմ հասցնում ամեն ինչ: Աջակցության ծրագրերից օգտվելու համար դիմել եմ բազմաթիվ անգամներ, բայց անհասկանալի պատճառներով մերժվել եմ: Ոչ մի բացատրություն չեն տալիս, չեն ասում, թե որն է պատճառը: Որպես անապահով ընտանիք՝ նույնիսկ նպաստ չեմ ստանում: Դեռ նախորդ իշխանության ժամանակ ինձ գոնե օգնություն էին տալիս, հիմա մեզ վրա անգամ նայող չկա: Էս ինչ իշխանություն է, էս ոնց են մարդկանց խաբում և աչքները փակում»:

Արմինեն նշել է, որ երեխաներին սոված տեսնելով, անգամ փորձել է ինքնասպան լինել. «Ցանկացել եմ վերջ տալ կյանքիս, որովհետև չեմ կարողանում տեսնել, թե երեխաներս ինչպես են օրեր շարունակ սոված քնում ու արթնանում: Իսկ այդ զզվելի վարչապետը ամենաթանկանոց սնունդով է ապահովում իր երեխաներին: Ի՞նչ է իրենը երեխաներ են, մեր նման մարդկանց երեխաները՝ ո՞չ: Գոնե գիտի՞, թե 2 հատ 100 դրամանոց հացի գումար վաստակելու համար քանի ժամ եմ աշխատում և ինչ աշխատանք եմ անում: Թե՞ ինքը մենակ փորը մեծացնելու համար է նստել աթոռին ու մոռացել մեզ նման մարդկանց գոյության մասին: Ես մեծ եմ, կարող եմ սոված մնալ, իսկ երեխաներս՝ ոչ: Անգամ չեմ կարողանում դպրոց տանել նրանց, որովհետև չեմ կարող համապատասխան հագուստ և պարագաներ գնել: Ինչո՞ւ պետք է մեր իշխանությունն այսքան անտարբեր լինի, ինչո՞ւ նրանց անուշադրության պատճառով երեխաներս չեն կարողանում կրթվել»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում