Բեյրութում զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը (Տեսանյութ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար իշխանություններին մեղադրող ցուցարարները փորձել են հրկիզել խորհրդարանի շենքը։ Տեղի է ունեցել բախում ուժայինների և ցուցարարների միջև. գրում է Global News-ը:

Ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել, ցուցարարներն իրենց հերթին նրանց ուղղությամբ քարեր են նետել։ Բախման հետևանքով կա 728 տուժած։ Այժմ ցուցարարները հեռացվել են կառավարության շենքի մոտից, սակայն ցույցերը դեռ շարունակվում են։ Ցուցարարների թիրախը կառավարական շենքերն են։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին խոշոր պայթյուն որոտաց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում։ Պայթյունի արդյունքում զոհվեց ավելի քան 150, և վիրավորվեց ավելի քան 5000 մարդ։ Որպես պայթյունի պատճառ՝ նշվեց ամոնիումի նիտրատի՝ 6 տարի շարունակ սխալ պահպանությունը։