Երևանյան հրդեհը տեսանելի է եղել քաղաքի տարբեր հատվածներից

8ea37d50-be7d-11ea-814d-3dae0ddc1594a7cb47706e541f78b6a0020bdad595e8.jpg

Հուլիսի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 20:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբի փողոցի տներից մեկի տանիքում խոշոր հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ և դեպքի վայր են ժամանել լրացուցիչ 2 մարտական հաշվարկ` հրշեջ-փրկարարական ջոկատ:

Կրակն այնքան ուժգին է եղել, որ տեսանելի է եղել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտից: Ժամանել է նաև Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրշեջներն ու քաղաքացիները 1,5 ժամից ավելի պայքարել են կրակի տարածման դեմ, այնուհետև աշխատանքներ են տարվել կրակի տարածումը կանխելու և այն մարելու ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն բնակիչը կրել է խոշոր չափի նյութական վնաս:

Ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզում է տանտիրոջ ինքնությունը: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն անցկացնելուց հետո:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: