Արցախի ԱԺ-ում քննարկվել է անվճար կրթության հարցը

aad97a30-ba2f-11ea-9637-b56b9d856f8da8ca[.jpeg

Հունիսի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների, Կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի, Արցախում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների պատասխանատուների և այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ: Հանդիպումը վարել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը և ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:

 
Քննարկվել է Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը՝ անվճար և որակյալ կրթության հարցը: Նախարար Լուսինե Ղարախանյանը ներկայացրել է ուսման վճարների փոխհատուցման և որակյալ կրթության մշակման փուլում գտնվող հայեցակարգը և այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:

Ներկաները նախարարին են առաջադրել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման վճարների փոխհատուցմանը, անվճար կրթություն-կրթության որակ փոխազդեցության արդյունավետությանը, գնահատման մեխանիզմների վերահսկմանը և թեմային վերաբերող այլ հարցեր: Ներկայացվել են նաև առաջարկներ:

Ելույթներով հանդես են եկել ուսումնական հաստատությունների ղեկավարները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: