Ոստիկանի ձեռքը ավտոմեքենայի դռան բռնակին է եղել, երբ վարորդը մեծ արագությամբ շարժվել է

3a0acdc0-a19f-11ea-9c78-4177edc716cb15cb9c0239b24c93400f5e8b80d2b325.jpg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում իշխանական ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով։ Երեկ՝ մայիսի 28-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրանիկ Մ-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի անունով զեկուցագիր է գրել, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 14-ի թիվ 74 որոշման համաձայն նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման արդյունավետութունը բարձրացնելու նպատակով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիրի մարզի մուտքի և ելքի ճանապարհին տեղադրված հատուկ անցակետում ծառայություն կատարելիս է եղել, երբ նկատել է, որ Էջմիածին քաղաքից դեպի Երևան սպիտակ գույնի BMW X 6 մակնիշի ավտոմեքենա է ընթանում, որի վարորդը և դիմացի ուղևորը եղել են առանց պաշտպանիչ դիմակի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փաստը արձանագրելու նպատակով Անդրանիկ Մ-ն կանգնեցրել է նշված ավտոմեքենան, որտեղ պարզվել է, որ վարորդը և 2 ուղևորները չեն պահպանել պարետի որոշումը, որից հետ վարորդը, իջնելով ավտոմեքենայից, հայտնել է, որ չի պատրաստվում ենթարկվել իր պահանջին։

Ոստիկանության ծառայողը փորձել է վարորդին բացատրել, որ ավտոմեքենան տեղից չշարժի և ձախ ձեռքով բռնել է ավտոմեքենայի դռան բռնակը, սակայն վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջին, մեծ արագությամբ շարժվել է, ինչի հետևանքով էլ ոստիկանության ծառայողը վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ՝ քերծվածքի տեսքով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի պաշտոնակատար Դ. Պետրոսյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ BMW X6 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները եղել են 60 XD 606 համարանիշի, և կարճ ժամանակ անց պարզել են նաև, որ այն վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Արարատ Խաչատրյանը, ով Վաղարշապատի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, այնուհետև որոշ ժամնակ անց բաց է թողնվել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։