Գավառում պարանոցը կտրած երիտասարդի մասին` բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ»

9b389ae0-a182-11ea-9c78-4177edc716cb22883281.jpg

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ էր արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը եւ Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» ԲԿ:

Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները: Բանն այն է, որ կրակոցների հետեւանքով սպանվածներ Զորիկ Պարոնիկյանի եւ Ավետիսյանի հարազատները եւ ընկերները, իմանալով, որ վերջիններս մահացել են, կարծելով, որ իրենց հարազատների սպանությունը կատարել են հիվանդանոցում գտնվող Արմեն Հայթյանը, Դավիթ Հայթյանը եւ Վարդան Դավոյանը, վերջիններիս սպանելու դիտավորությամբ ներխուժել էին հիվանդանոց, կտրող-ծակող գործիքներով հարձակվել եւ փորձել էին սպանել նրանց, ավելին՝ կտրել էին հորեղբոր որդիներ Արմեն Հայթյանի եւ Դավիթ Հայթյանի պարանոցը, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները՝ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ:

Ի դեպ, Գավառի ճանապարհին ապրիլի 28-ին հնչած կրակոցներից եւ երկու հոգու սպանությունից հետո մինչ օրս կրքերը չեն հանդարտվում, եւ իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ վենդետան կշարունակվի:

Եվ, ահա, այսօր լրացավ աղմկահարույց միջադեպի 1 ամիսը, եւ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախաքննական մարմինը գործով հայտնվել է փակուղու առաջ: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մի խումբ անձանց մասով դատարան միջնորդություններ է ներկայացրել, որպեսզի նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրվի, սակայն դատարանը շատերի դեպքում մերժել է միջնորդությունը: Պատճառն այն է, որ նախաքննական մարմինը չի կարողանում գտնել համապատասխան հիմնավորումներ, թե կոնկրետ ովքեր են առաջինը ներխուժել հիվանդանոց, ով ինչ գործողություն է արել:

Այդ առիթով նույնիսկ վերցրել են հիվանդանոցի տեսախցիկները, եւ ուսումնասիրություններ են կատարվում՝ հասկանալու համար այդ անձանց շրջանակը, ու նրանցից շատերին գտնելու համար քայլեր են ձեռնարկվում:

Այսպիսով, ի՞նչ վիճակում են պարանոցը կտրած երիտասարդները, ինչո՞ւ չեն հայտնում, թե որտեղ են նրանք գտնվում, եւ, առհասարակ, ի՞նչ են պատմել նրանք իրենց դեպքից: Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստաբան Արման Թամրազյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչ է եղել այդ օրը, եւ ինչպես են ծակել Դավիթ Հայթյանի պարանոցը ու սիրտը, ու ինչպես է բժիշկը թել ու ասեղով կարել սիրտը. «Ես՝ որպես փաստաբան, մասնակցել եմ իր հարցաքննությանը, միջնորդություն եմ ներկայացրել, որ իրեն տուժող ճանաչեն, քննչական մարմինն առանց որեւէ հիմքի միջնորդության լուծումը հետաձգել է: Դավիթ Հայթյանը էդ դեպքի, կրակոցների հետ որեւիցե առնչություն չի ունեցել. ցուցմունքներով էլ հաստատված է, որ Դավիթ Հայթյանն այդ պահին եղել է իր անասնաֆերմայում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում