Վրաստանում այսօրվանից չեղարկվում է արտակարգ դրությունը. ընդամենը` 723 վարակակիր

Վրաստանում այսօր տեղի է ունեցել միջկառավարական համակարգող խորհրդի նիստ, որտեղ ելույթի ընթացքում վարչապետ Գեորգի Գախարիան տեղեկացրել է, որ այսօրվանից երկրում չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

«Այսօր մենք պաշտոնական քայլ ենք կատարում` չեղարկելով արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է և համավարակը հաղթահարված է: Համավարակը չի հաղթահարվել ո՛չ Վրաստանում, ո՛չ աշխարհում»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան ընդգծել է, որ կառավարությունը պայքարում է երկու ուղղությամբ` մարդկանց առողջության և տնտեսության վերականգնման:

«Իհարկե, առաջնայինը մնում է մարդկանց կյանքն ու առողջությունը, հետո` մեր տնտեսության վերականգնումը, որի ուղղությամբ այսօր մենք կատարում ենք առաջին քայլը»,-եզրափակել է իր խոսքը վարչապետը:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 723 և մահվան 12 դեպք: