Վիրուսը նախարարներին էլ է կպնում

df93b700-9b20-11ea-9c78-4177edc716cb57b55b4e9c7518e235f4ef32fc991d6a.jpg

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գործադիրում, ի տարբերություն խորհրդարանի, կորոնավիրուսի տարածումը բավականին լայն ընդգրկում ունի. ԱԻՆ-ից տեղեկացանք, որ ունեցել են 17 հիվանդ, 24 ասիմպտոմ` մեկուսացածներ, լավացել են 12-ը:

Նախարար Ցոլակյանը գալի՞ս է գործի՝ հարցրինք։

«Առաջին օրերը` ոչ, կապված տարիքային խնդրի հետ, հիմա պարտաճանաչ գալիս է»,- ասաց ԱԻՆ մամլո խոսնակ Էդմոն Զարգարյանը: Բայց հեռահար է աշխատում` կաբինետից, հեռախոսով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեռ մեկուսացվա՞ծ է։

«Աշխատում է տնից»,- տեղեկացրեց խոսնակ Արմինե Մուրադյանը: Պապիկյանի գործը հեշտ է՝ միայնակ է ապրում (ամուսնացած չէ), հարազատներին վարակելու խնդիր չունի՝ ի տարբերություն իր պապիկին ու տատիկին վարակելու մտահոգությամբ տոգորված Արսեն Թորոսյանի:

Ի դեպ, տեղեկություններ կային, որ Արսեն Թորոսյանը մեկուսացել է «Ռեժինե» հյուրանոցում, սակայն հավատարիմ խորհրդական, «Ռեժինեի» պատասխանատու Աշոտ Սարգսյանը հերքեց` նախարարն իրենց մոտ չէ, իսկ թե որտեղ է մեկուսացած, չասաց․ «Շատ նորմալ է, որ նախարարը մեկուսացած է. էդ վիրուսը կպնում է ում ասես, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի վարչապետ»:

Ինչ վերաբերում է առողջապահության նախարարության վարակվածների թվին, ապա այն նույնպես գաղտնիք է. մամլո խոսնակն ասաց՝ թվեր չենք նշում, «որ չվախեցնենք մարդկանց»: Էդքան շա՞տ են։ «Չէ, այնքան էլ շատ չեն»: