Ահազանգ. 10 օր է՝ հաց չենք կերել, տանը 5 տարեկան երեխա կա․ քաղաքացին դիմում է վարչապետին

Անժելա Գազարյանը 1990-ին Բաքվից տեղափոխվել է Երևան` թողելով տուն-տեղ, ունեցվածքը, կորցրել ծնողներին, հարազատներին: 

Անժելայի մասին տեսանյութը հրապարակել է Tert.am-ը:

49-ամյա կինն իր 5 երեխայի և մեկ թոռան հետ ապրում է մի տանը, որտեղ միայն խոնավության հոտից արդեն շնչելը դժվար է։ 5 տարի է՝ 25000 դրամ վարձ են տալիս, ջուր ու գազ չունեն։ Թե´ խմելու, թե´ օգտագործման ջրի համար 100 մետր ոտքով է գնում։ Տասը օր առաջ գրել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, ասել է, որ ինքնասպանություն է ուզում գործել, այլևս ապրելու միջոցներ չունի։ 

««Դիմել եմ ԱԺ  փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, խնդրել եմ, որ իմ համարը փոխանցեն պարոն Փաշինյանին, սակայն ինձ ոչ մի զանգ չի եկել, խնդրում եմ Ձեզ, մեր վիճակը շատ վատ վիճակ է, մենք տասը օր է հաց չենք կերել, տասը օր է՝ շաքարաջուր ենք խմում, այ էսպես գոյատևում ենք, տանն էլ 5 տարեկան կա»,- ասում է Անժելա Գազարյանը:

Անժելայի 5 երեխայից մեկն անչափահաս է, մյուսն էլ միայնակ մայր է՝ 5 տարեկան որդի ունի։ Ինքն ու տղան օրավարձով են աշխատել։ Անժելան տարբեր հաստատություններում որպես մաքրուհի է աշխատել, քիչ աշխատավարձով կարողացել են ապրել, տան վարձ տալ ու սնունդ գնել։ Սակայն ստեղծված իրավիճակում 2 ամիս է՝ տանն են, չեն աշխատում։ 

«Քանի որ մեր անձնագրի ժամկետն անցել է, մենք չեն կարող այդ գումարը ստանալ, ասել են, որ անձնագիրը 5 օրից պատրաստ կլինի, այսինքն մի 5 օր էլ սոված պիտի մնանք: Պարոն Սիմոնյանին էլի եմ գրել, բայց չի պատասխանել»,- ասում է Անժելա Գազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում