Հայտնի է, թե ինչու է ոչնչանում Մունկի «Ճիչը»

94d5e660-9752-11ea-a623-1972f4e09fadthe_scream.jpg

Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչը» նկարի դեղին ներկը ժամանակի ընթացքում քայքայվում է օդի բարձր խոնավության պատճառով։ Նման եզրակացության է հանգել գիտնականների թիմը՝ կտավի ներկի միկրոկորոշների ռենտգեն-վերլուծություն կատարելով, գրում է Daily Mail-ը։

Հետազոտողների տվյալներով՝ դեղին ներկի բաղադրության մեջ մտնող կադմիումի սուլֆիդը օքսիդանում և խունանում է բարձր խոնավության պայմաններում: Նախկինում համարվում էր, որ նկարի որակի վատթարացման պատճառը կտավի վրա լույսի ազդեցությունն է։ Հենց այդ պատճառով «Ճիչը» պահել են մութ սենյակում և հազվադեպ են ցուցադրել՝ միայն վերահսկվող ցածր լուսավորության և օդի 50 տոկոս խոնավության դեպքում։

Գիտնականները եզրակացրել են, որ թանգարանում մշտական ցուցադրության դեպքում «Ճիչը» ցուցադրելու համար սենյակում խոնավության մակարդակը չպետք է գերազանցի 45 տոկոսը: 

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ արվեստն ու գիտությունը անխզելիորեն կապված են, և որ գիտությունը կարող է օգնել պահպանել արվեստի գործերը, որպեսզի աշխարհը կարողանա շարունակել հիանալ դրանցով հետագա տարիների ընթացքում»,-  հայտարարել է Կոնստանցիա Միլիանին, որը արվեստը ուսումնասիրում է Իտալիայի ազգային հետազոտական ինստիտուտում:

Նշվում է, որ կադմիումի սուլֆիդն օգտագործվում է նաեւ Անրի Մատիսի, Վինսենթ Վան Գոգի և Ջեյմս Էնսորի կտավներում: