Ամռանը Հայաստանը կարող է սահմանները բացել զբոսաշրջիկների առաջ

8faf9880-9530-11ea-a623-1972f4e09fadFotoram.io (36).jpg

Հնարավորություն կա, որ ամռանը Հայաստանը ևս իր սահմանները կարող է բացել զբոսաշրջիկների առաջ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է կատարել Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

«Եթե Վրաստանն ու Եվրոպական շատ երկրներ հայտարարում են, որ հուլիսի մեկից կարող են բացել սահմանները զբոսաշրջության համար, նախադրյալներ կան, որ մեզ մոտ նույնպես հնարավոր է բացել: Իհարկե, հանրային առողջության առումով իրավասու մարմինները կասեն իրենց կարծիքը, բայց ես այդ հնարավորությունը տեսնում եմ: Մեր զբոսաշրջային օպերատորների օտարերկրյա գործընկերները, որոնք Հայաստան զբոսաշրջիկներ են ուղարկում, արդեն հարցումներ են անում մեզ՝ ասելով որ՝ Վրաստանն արդեն բացում է, և մենք տարածաշրջանային փաթեթներով կարող ենք զբոսաշրջիկներ ուղարկել նաև Հայաստան, դուք պատրա՞ստ եք ընդունել»,- ասաց Ապրեսյանը: Նրա խոսքով, ստացվում է, որ հնարավորությունը ձևավորվում է, օտարերկրյա գործընկերներն սկսում են այդ հարցերը քննարկել:

Ըստ նրա՝ Հայաստանում այսօրվանից արդեն պետք է քննարկել այդ հարցերը և ստեղծել հնարավորությունը: «Ես արդեն Զբոսաշրջության կոմիտեի հետ խոսել եմ այդ հարցով, և կարծում եմ, որ արդեն այդ հարցը կքննարկեն: Եվ կառավարությունը, և բոլորը գիտակցում են, որ կարևոր է օր առաջ մեր տնտեսությունը վերականգնվի, իհարկե, պահպանելով անվտանգությունը»,- հավելել է նա:

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի հետևանքով Հայաստանում զբոսաշրջության ոլորտը մեծ վնասներ է կրել: Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այս առումով երկրորդ եռամսյակը կորցրել ենք: «Առաջին եռամսյակում որոշակի այցելություններ ունեցել ենք, պաշտոնական թվերով՝ այս տարվա առաջին եռամսյակում ունեցել ենք շուրջ 311 հազար այցելություն, ներգնա այցելությունների մասին է խոսքը միայն: Իսկ արտագնա այցելությունները կազմել են 275 հազար: Ներգնա այցելությունների նվազումն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 14.6 տոկոս: Իսկ երկրորդ եռամսյակը կորցրել ենք, մինչև հունիս բոլոր այցելությունները չեղարկված են»,- նշել է Ապրեսյանը:

Հաշվարկների արդյունքում մոտ 370 մլն դոլար է կորցրել Հայաստանի ներգնա տուրիզմի ոլորտն այս տարվա երկրորդ եռամսյակում: Նախորդ տարվա առաջին կիսամյակում՝ հունվար-հունիս ամիսներին ներգնա զբոսաշրջային այցելությունները կազմել էին 770 հազար: Այս տարվա համար առնվազն 10 տոկոս աճ էր կանխատեսվում, բայց եթե անգամ աճը չհաշվենք, ըստ Ապրեսյանի, հետևյալ պատկերն է ստացվում: Եթե 770 հազարից հանենք առաջին եռամսյակի 311 հազար այցելությունները, ստացվում է, որ երկրորդ եռամսյակում մոտ 460 հազար այցելություն ենք կորցրել: «Մեկ զբոսաշրջիկը միջինում Հայաստանում 800 դոլար է ծախսում, եթե 460 հազարը բազմապատկենք 800 դոլարով, միայն ներգնա զբոսաշրջության մասով այդքան եկամուտներից զրկվել ենք: Դրա մոտ 20 տոկոսը պետական բյուջեի եկամուտները պետք է կազմեին: Եթե դրան գումարենք ներքին ու արտագնա զբոսաշրջության վնասները, բավական կլորիկ գումար է ստացվում»,- ասել է նա:

Եթե ամռան վերջին կամ աշնանը վերականգնվեն միջազգային այցելությունները, արդեն հաջորդ տարի ոլորտը վերականգնված կլինի:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: