29 բուժաշխատող է մեկուսացվել. շփվել են կորոնավիրուսով վարակված Մարալիկի 68-ամյա բնակչի հետ

9f2c58a0-7764-11ea-ba22-21ce3a653a78_--------------.jpg

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ապրիլի 1-ին կորոնավիրուսով վարակված տղամարդը 68 տարեկան է, որն ունի ուղեկցող մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, գլխուղեղային արյան շրջանառության խանգարում։ 

NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանն ասել է, որ Մարալիկի վարակված բնակիչը արտերկրում  չի եղել, հաստատված վիրուսակրի հետ չի շփվել, իսկ թե որտեղից է վարակվել, դեռևս անհայտ է։

«Քանի որ Գյումրու  ինֆեկցիոն հիվանդանոցում նրան զննել են, փաստացի նրա մոտ էպիդեմիոլոգիական անամնեզ չի եղել:Այսինքն՝ արտերկրում չի եղել, վիրուսակրի հետ չի շփվել։ Այս ամենից հետո մենք նոր ընդունել ենք  հիվանդին՝ ապահով լինելով, որ վիրուսակիր չէ, այլապես չէինք ընդունի, քանի որ  Գյումրի բժշկականը ընդգրկված չէ կորոնավիրուսով վարակվածներին բուժող հաստատությունների ցանկում: Բայց քանի որ հիվանդն ուներ ուղեկցող հիվանդություններ՝ շաքարային դիաբետ և կատեով հետազոտված գլխուղեղային արյան շրջանառության խանգարում, կարիք եղավ տեղափոխելու Երևան։ Այնտեղ նոր պարզվեց, որ վարակված է կորոնավիրուսով: Դրանից հետո մենք առանձնացրել ենք նրա հետ շփում ունեցած 29 բուժաշխատողի: Նրանք այժմ գտնվում են հյուրանոցներից մեկում, մինեչև 14 օր հետո թեստ հանձնեն ու վերադառնան աշխատանքի»,- ասել է նա:

Տղամարդու շփման շրջանակից 8-9 հոգի մեկուսացրել են Ծաղկաձորում: Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով` այս դեպքը մարզում 9-րդ է: