Երևանում «Միթսուբիշիի» հարբած վարորդն ու ուղևորը ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկանին

427b1110-712d-11ea-b6c6-47e4cf4f6a89v2.thumb.jpg

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրած անձը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ հաղորդագրության, մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:


Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:


Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5․25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին' հարցաքննության։

Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: