Շատ ռեստորաններ կարող են փակվել. Կորոնավիրուսի հետևանքներն ու իրադրությունը փրկելու առաջարկները

b61d43f0-7113-11ea-b6c6-47e4cf4f6a89868b5baf2c03079ff7a25b0c4486c278.jpg

Հիգշաբթի Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար հաստատեց աջակցության 5 փաթեթներ:

Դրանց թվում էր տնտեսվարողներին աջակցելու միջոցառումների շարքը:

Ռեստորանների հայկական միությունը նախօրեին հայտարարեց, որ գոնե այս ոլորտի համար առաջարկվող փաթեթը չի կարող աշխատել:

Համավարակի հետևանքով հանրային սննդի ոլորտում ստեղծված ճգնաժամի ու այն հաղթահարելու իրական հնարավորությունների մասին NEWMEDIA.am-ը զրուցել է Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գևորգյանի հետ։

-Արդյոք արդեն ենթադրում եք, թե մոտավորպես որքան կորուստ կկրի ոլորտը համաճարակի ու արտակարգ դրության պատճառով: Ամսի  24-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվել է ռեստորանների և սրճարանների գործունեությունը:

-Ճգնաժամը նոր է սկսվել, ամիսն էլ դեռ չի ավարտվել, ուստի դժվար է հիմա հաշվարկել և թվային գնահատական տալ, բայց ոլորտն ահռելի կորուստներ արդեն կրել է: Նշեմ, որ եթե երկար տևի այս վիճակը և տարին բիզնես առումով կորչի, դրա արժեքը հարյուրավոր միլիարդ դրամ շրջանառություն է, տասնյակ միլիարդ դրամ չվճարված հարկ, 60-70 մլրդ դրամ չվճարված աշխատավարձ, քանի որ հանրային սննդի ոլորտը 30 000 միջին և բարձր վարձատրվող մշտական աշխատատեղեր է ստեղծել այս տարիների ընթացքում, էլ չեմ խոսում ծառայության մատուցման պայմանագրով աշխատող մի քանի հազար աշխատակիցների մասին:

-Ոլորտը խնդիրներ ուներ նախորդտարի՝ հարկային փոփոխությունների հետևանքով: Արդյո՞ք արդեն հաղթահարվել էին այդ խնդիրներն ու այս ֆորս մաժորը ոլորտը դեպի ուր կտանի:

-Եթե խոսքը շրջհարկին է վերաբերում, ապա մենք համախմբված պայքարի հետևանքով հասանք նրան, որ ի վնաս ոլորտի փոփոխություններ չեղան:

Ինչ վերաբերում է ֆորս մաժորին, եթե այն երկար տևի, վստահաբար ոլորտում կլինեն գործարարներ, ովքեր ընդհանրապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, ինչը նախ կհանգեցնի գործազրկության ցուցանիշի աճի:

-Ամեն դեպքում թույլատրվել է առաքման ծառայությունների գործունեությունը, այս ընթացքում ո՞րքան են մարդիկ օգտվում այդ ծառայություններից, ու ռեստորաններն ու սրճարաններն իրենց հզորության ո՞ր մասն են իրացնում:

-Առաքման սեփական ծառայությունը ռեստորանների մեծ մասը ներդրեց փակվելու լուրը հայտարարելուն պես՝ խրախուսելով մեր համաքաղաքացիների տանը մնալու գաղափարը:

Պիտի ասեմ, որ առաքման ծառայությունը ընկերության տեսանկյունից ոչ այնքան ֆինանսական կայունություն ապահովելու համար է կարևոր այս օրերին, որքան սեփական աշխատակիցների մի մասին հարկադիր պարապուրդից փրկելու, այլ աշխատանք առաջարկելու:

Կարող ենք ասել, որ առաքման ծառայությունները իրացնում են բիզնեսի հզորության 5-10 տոկոսը առավելագույնը՝ ավելի շուտ օպտիմիզացված անձնակազմի համար աշխատանք ու հավելյալ եկամուտ ստեղծում:

Ամեն դեպքում, մարդիկ քիչ են օգտվում առաքման ծառայություններից, քանի որ կան առողջության առումով անվտանգության նկատառումներ և եկամուտների անկանխատեսելիությամբ պայմանավորված սպասումներ, մտավախություններ։

-Կառավարության ճգնաժամի հետևանքները վերացնելու օժանդակությունից ինչու՞ չի կարող ոլորտն օգտվել, ի՞նչ խնդիր կա օգտվել հենց այդ աջակցությունից:

-Կառավարության առաջարկությունը տնտեսվարողներին՝ բանկերից վարկ վերցնել և դրանով վճարել աշխատավարձեր, հարկային պարտավորություններ կատարել, հանրային սննդի ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսի վիճակն ավելի է ծանրացնելու: Այդ գումարով ընկերությունը վճարելու է աշխատավարձ հարկադիր պարապուրդում գտնվող իր աշխատակազմին և հարկեր՝ առանց գործունեություն ծավալելու, առանց շահույթ ստանալու՝ այսինքն նոր պարտքեր է կուտակելու, որոնք չի կարողանալու վերադարձնել ու սնանկանալու է։

Պատկերացնու՞մ եք, թե չաշխատող բիզնեսն ինչպես է մի քանի ամիս անց այդ նոր վարկի գումարի մարումը սկսելու, եթե պահուստային գումար չունենալու պատճառով է վարկ վերցրել, չի աշխատում և պարզ չէ, թե երբ կաշխատի։  Շատ բիզնեսների դեպքում նոր վարկային միջոցներ ներգրավելը տանելու է ուղղակի սնանկացման, ոլորտի փլուզման:

-Բանկերն իրենք են որոշում, թե ում տան աջակցությունը. ունեք արդյո՞ք մտավախություն, որ որպես ռիսկային ոլորտ, ձեզ վարկ չեն տա:

-Այո, ունենք, քանի որ ոլորտն ինքնին ռիսկային է՝ նույնիսկ նորմալ պայմաններում ֆինանսավորման համար։ Այդ և շատ այլ պատճառներով էլ առաջարկել էինք և շարունակում ենք պնդել, որ հատկացվի թիրախային ոլորտային օգնություն՝ անտոկոս վարկերի և այլ ֆինանսական ներարկումների ձևով։

-Ենթադրենք օգտվեցիք աջակցությունից, արդյոք հաշվի առնելով նույն համաճարակի հետևանքները, կկարողանաք այդ վարկի  տակից դուրս գալ: Ու՞նեք պատկերացում, թե երբ նորից կսկսեք շահույթով աշխատել, երբ կկարողանաք հետ բերել այս չաշխատած ընթացքի կորուստները:

-Ռեստորանների հայկական միությունը քննարկել է Կառավարության առաջարկությունների փաթեթը և եկել այն եզրահանգման, որ գործանական առումով նպատակահարմար չէ նոր վարկային միջոցների ներգրավումը:

Հաշվի առնելով տուրիզմի տենդենցները, սպառողի վարքագծի հնարավոր փոփոխությունը  կանխատեսումները հուսադրող չեն, չունենք հստակ պատկերացում, որքան կտևի առողջացման գործընթացը, քանի որ պարզ չէ թե երբ կավարտվի համաճարակը։ Եթե այս տարին կորցնենք, ոլորտի վերականգնումը կտեվի տարիներ։ Հիմա շատ էական է, որ ոլորտի խոշոր խաղացողները միասին աշխատեն ու ձևավորեն սպառողի նոր վարքագիծ, տրանսֆորմացնեն իրենց բիզնեսները, ներդնեն վաճառքի նոր մեթոդներ ու ամենակարևորը չվախենան դրանք իրար հետ կիսելուց, միասին փորձելուց:

Հիշեցնենք, որ NEWMEDIA.am-ը արդեն տեղեկացրել էր, որ ստեղծված ճգնաժամից ոլորտը և հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ: 

Արվում են հետևյալ առաջարկները՝

1․ Հանրային սննդի ձեռնարկությունների համար սառեցնել առաջին եռամսյակի վերջին ամսվա և երկրորդ եռամսյակի շրջհարկի եվ եկամտահարկի վճարումը։

2. ԿԲ-ի կողմից ցուցաբերել առավելագույն միջամտություն՝ չեղարկել ոլորտի ձեռնարկությունների վարկային միջոցների գոյացրած տոկոսները մարտ ամսի և երկրորդ եռամսյակի ընթացքում։

3. Քննարկել ոլորտի ձեռնարկություններին անհրաժեշտության դեպքում արտոնյալ պայմաններով, անտոկոս վարկերի տեսքով կանխիկ դրամահոսքի ապահովման հնարավորությունը։

4. Ոլորտի ձեռնարկությունների հարկադիր պարապուրդի մատնված աշխատակազմին տրամադրել դրամային փոխհատուցում պարապուրդի ժամանակ վճարվելիք աշխատավարձի կեսի չափով՝ գործատուին թողնելով մյուս կեսը վճարելու պարտավորությունը (աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է պարապուրդի ժամանակ աշխատողների վճարումը. աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-րդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը):