ՌԴ-ում գտնվող հայերը ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպան

8cab9590-70b8-11ea-b6c6-47e4cf4f6a89Վարդան-Տողանյան1.jpg

Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ի պատասխան հայերի շրջանում վարակվածների առկայության մասին հարցին։

Ի պատասխան հարցի՝ կարանտինն ու սահմանափակումներն ինչպե՞ս կազդեն Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա, Տողանյանը նշել է, որ տնտեսական հետևանքները  լուրջ ազդեցություն կունենան նաև Հայաստանի վրա։

«Այս խնդիրը մի շարք խնդիրների թնջուկ է, որովհետև սահմանափակումները գործում են մի շարք ոլորտների վրա՝ շինարարություն, սպասարկման ոլորտ, մեծածախ առևուր, առևտրի կենտրոններ։ Սրանք կա՛մ սահմանափակված են, կա՛մ, կապված մարդկանց քանակի, սահմանափակումների հետ, համարյա չեն աշխատում կամ փակվելու եզրին են։

Դա կնշանակի, որ այս ոլորտում ներգրավված ՀՀ քաղաքացիները, ինչպես սեզոնային, այնպես էլ մշտապես բնակվող, և այդ ոլորտներում՝ շինարարության և առևտրի, ընդգրկվածների թիվն իսկապես շատ է, բնականաբար, այս պահին ունեն խնդիրներ իրենց համապատասխան ձեռնարկությունները կամ օբյեկտները փակելու, ժամանակավորապես դադարեցնելու, Հայաստան վերադառնալու։ Եվ սա օբյեկտիվ խնդիր է․ չունենալով եկամուտներ, ՌԴ-ում գտնվելու հնարավորություն մեծ մասի մոտ այլևս չի լինի, և ստիպված կլինեն վերադառնալ։ Խնդիրը կծագի քիչ ավելի ուշ, որովհետև սահմանափակումները նոր են սկսվել, և մարդիկ պետք է կայացնեն համապատասխան որոշումներ»։