Տալվորիկի համայնքապետին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել

65c6a300-7051-11ea-b6c6-47e4cf4f6a89Kirakos-Saghatelyan.jpg

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ղեկավար Կիրակոս Սաղաթելյանի գործը դատարանում է. նրան մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածով: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Այս մասին գրում է news.am-ը։

Ըստ մեղադրական եզրակացության` Սաղաթելյանը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված կարգի համաձայն՝ ունենալով համայնքի ավագանուն համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու կամ օգտագործման տրամադրելու առաջարկություն անելու իրավասություն, հանդիսանալով պաշտոնատար անձ, ակնհայտորեն դիտավորությամբ իր պաշտոնեական լիազորությունները անցնելով, առանց մարզպետի կողմից ստեղծված հանձնաժողովի դրական եզրակացության, 2018թ դեկտեմբերի 25-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի ավագանու թիվ 18 արտահերթ նիստին ներկայացրել է եւ համայնքի ավագանու որոշմամբ հաստատել է ՀՀ կառավարության 2003թ դեկտեմբերի 24-ի թիվ 886-Ն որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող 417-000-0019 կադաստրային ծածկագրով, 4-րդ կարգի, 13հա, 15.405.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով ջրովի վարելահողը որպես անջրդի վարելահող եւ իր կողմից 2019թ մարտի 11-ին Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքում տեղի ունեցած աճուրդի միջոցով 2.545.000 ՀՀ դրամով օտարել է աճուրդի մասնակից Դավիթ Կասամանյանին` համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Բացի այդ, Սաղաթելյանը աճուրդով Դավիթ Մովսեսի Կասամանյանին 13հա հողատարածքը վաճառելուց հետո, Կասամանյանի կողմից տեղեկանալով հողատարածքի ընդերքում առկա խողովակների առկայության մասին, վերջինիս դիմումի համաձայն 2019թ հունիսի 21-ին տեղի ունեցած ավագանու նիստի թիվ 7 արձանագրությամբ քննարկել եւ հաստատել է տվյալ հողատարածքում ազբեստյա խողովակների հայտնաբերման դեպքում 200 գծամետր խողովակ համայնք տեղափոխելու եւ համայնքի կարիքների համար օգտագործելու համար: Այնուհետեւ, արդեն իսկ ավագանու որոշմամբ համայնքի կարիքների համար տրամադրված համայնքի սեփականությունն հանդիսացող թվով 50 հատ` ընդհանուր 200 գծամետր երկարությամբ խոշոր չափի 700.000 ՀՀ դրամ արժողության ազբեստյա խողովակները յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, դրանք համայնքի հաշվեկշռում չի հաշվառել, տեղավորել է իր բնակության վայրի` Տալվորիկ գյուղի Անդրանիկ փողոցի 19-րդ տան մոտակայքում, որոնցից թվով 39-ը հայտնաբերվել է 04.09.2019թ կատարված դեպքի վայրի զննության արձանագրությամբ:

Բացի այդ Սաղաթելյանը <Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ մասով ունենալով օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կանխարգելելու, կասեցնելու եւ վերացնելու ապօրինի հողօգտագործումները, չի կատարել դրանք, այն է` 2018թ մինչ օրս տեղյակ լինելով հողօգտագործողների կողմից Տալվորիկ համայնքի հաշվեկշռում գտնվող` մի կողմից 0001, 0002, 0003 եւ 0005 կադաստրային ծածկագրերով հողամասերի, իսկ մյուս կողմից 0113-0010 եւ 0110-0010 կադաստրային ծածկագրերով հողամասերի երկարությամբ ձգվող համայնքային նշանակության դաշտամիջյան ճանապարհի ինքնակամ զավթման մասին, դիտավորությամբ որեւէ միջոց չի ձեռնարկել այն կասեցնելու ուղղությամբ, ինչպես նաեւ այն իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չի կիրառել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 179-րդ հոդվածի 2-րդ (յուրացնելը կամ վատնելը), 315-րդ հոդվածի 1-ին մասերով (պաշտոնեական անփութությունը):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին: