«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը հիվանդ է շիզոֆրենիա-պարանոիկով


d015b7d0-6f81-11ea-acb6-4318f3d519a8maxresdefault.jpg

Հունվարի 23-ին Արթուր Թորոսյանը ներխուժել էր «Էրեբունի պլազա» և կրակոցներ արձակել: Նրա հետ բանակցություններ էր վարել անձամբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ինչի արդյունքում նա հանձնել էր զենքը, ապա՝ վնասազերծվել:

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:

Նրա՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և անվտանգության միջոց ընտրելու համար: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն էլ, դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, վերացրել է խափանման միջոց կալանավորումը և կիրառել անվտանգության միջոց. Թորոսյանը դարձյալ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական հիմնարկ:

Այդ դեպքում նրա տված ցուցմունքները ճանաչվելո՞ւ են անարժանահավատ, Էդուարդ Աղաջանյանը պատասխանել է. «Եզրակացության մեջ նշված է, որ նա տառապել է և տառապում է նշված հոգեկան հիվանդությամբ, այսինքն՝ նրա ցուցմունքներին որևէ իրավական գնահատական տրվել չի կարող, նաև նշված է, որ նա չի կարող մասնակցել դատաքննչական գործողություններին»:

Ըստ պաշտպանի՝ սա ենթադրում է, որ նախաքննության ավարտից հետո, երբ գործը ուղարկվի դատարան, սահմանված ընթացակարգի համաձայն՝ այն քննվելու է հատուկ կարգով. «Այսինքն՝ դատարանը որոշելու է անմեղսունակության վիճակով քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձի հարկադիր բուժման, այլ ոչ թե քրեական պատասխաանտվության և պատժի հարցը»:

Այլ մանրամասներ պաշտպանը չի հայտնել: