«Գազպրոմ»-ն արտոնություն չի տրամադրի բնակիչներին. գազի վարձը պետք է վճարել. 1in.am


f5bbcff0-6f73-11ea-acb6-4318f3d519a8gaz-gin-vbanakcutyun-634x445.png

Մամուլում և սոցիալական ցանցերում այսօր տեղեկատվություն հրապարակվեց, համաձայն որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր աշխատանքի է կանչել իր բոլոր տեսուչներին։ Նպատակը՝ անջատել այն բոլոր բաժանորդների գազը, որոնք չեն վճարել գազի ամսավճարը։

Գրում է 1in.am-ը:

Այս իրավիճակում մարդիկ ահազանգում են, որ գտնվում են անելանելի վիճակում։ Նման մոտեցումը հակասում է պարետի երեկվա որոշմանը՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակման մասին, քանի որ, ըստ մեզ փոխանցած տեղեկատվության, տեսուչները եկել են աշխատանքի, կուտակվել 30-40 հոգով մեկ աշխատասենյակում, ակտիվորեն շփվում են թե՛ միմյանց հետ, թե՛ գազի բաժանորդների։

Լրատվամիջոցը դիմել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որտեղից խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ 

Տեսուչներին աշխատանքի կանչելու վերաբերյալ ընկերության պատասխանում նշված է. ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը և իր գործառույթները իրականացնում է սահմանված կարգով: Նշված հրապարակման առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ն որևէ հասցեական փաստ կամ կոնկրետ տեղեկատվություն չունի»։

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի վերաբերյալ խախտումներ արձանագրելու առումով ընկերությունը նշում է.

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել և գործում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պլան` ապահովելով միջոցառումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընդունված որոշումների պահանջներից»:

Ինչ վերաբերում է բնակիչ-բաժանորդների ամսավճարները երկարաձգելուն, «Գազպրոմ Արմենիա»-ն չի կարող լրացուցիչ արտոնություններ տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումներ կատարելու հարցում։ Այլ կերպ ասած՝ բնակիչները պետք է սահմանված ժամկետում, ինչպես ամեն ամիս, վճարումները կատարեն։

«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 8.4 կետի համաձայն. «Բնակիչ-բաժանորդը նախորդ հաշվարկային ամսում մատակարարված (վերահաշվարկված) գազի արժեքի համար պարտավոր է վճարել Կանոնների 8.3 կետում սահմանված կարգով և ժամկետներում՝ նախորդ հաշվարկային ամսում բնակիչ-բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) գազի քանակի և արժեքի մասին տեղեկատվության հրապարակումից հետո 7 օրվա ընթացքում», և քանի որ ՀՀ օրենսդրությամբ այլ արտոնություն սահմանված չէ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի կարող լրացուցիչ արտոնություն տրամադրել մատակարարված գազի արժեքի համար վճարումների հարցում»,- ասված է մեզ ուղարկած պատասխանում: